ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոսթինգ ծառայությունների մատուցման
Սույն հրապարակային պայմանագիրը (հետագայում՝ «Պայմանագիր») սահմանում է «Բետանեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (հետագայում՝ «Բետանեթ»)՝ ի դեմս գործադիր տնօրեն Սամվել Բեկթաշյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և սույն Պայմանագրի պայմաններով ծառայություն ստանալու ցանկություն հայտնած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի (հետագայում՝ «Պատվիրատու»), մյուս կողմից, («Բետանեթ»-ը և «Պատվիրատու»-ն միասին հետագայում՝ «Կողմեր») պարտականությունները:
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Բետանեթը Պատվիրատուի հանձնարարությամբ վերջինիս մատուցում է սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N1 հավելվածում բերված հոսթինգ ծառայություններից (հետագայում՝ «Ծառայություն») որևէ մեկը, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել դրանք և վճարել դրանց դիմաց:
1.2. Հոսթինգ ծառայության փաթեթն ու մատուցման ժամկետն ընտրվում է Պատվիրատուի կողմից Ծառայության պատվերի ձևակերպման ժամանակ:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. Բետանեթի www.betanet.am պաշտոնական կայքում տեղակայված Պայմանագիրը հանդիսանում է անձանց անորոշ շրջանակի ուղղված հրապարակային օֆերտա՝ կնքելու սույն Պայմանագիրը դրանում բերված պայաններով ցանկացածի հետ, ով կընդունի այն (ակցեպտ) (համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գլ.28, հոդվ. 442, կետ 4):
2.2. Պայմանագրի պայմանները Պատվիրատուի կողմից համարվում են ընդունված, եթե Պատվիրատուն Բետանեթի www.betanet.am պաշտոնական կայքում ձևակերպում է սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N1 հավելվածում բերված հոսթինգ ծառայություններից որևէ մեկի պատվեր:
2.3. Պայմանագիրը համարվում է կնքված, երբ Պատվիրատուն կատարում է վճարում սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N1 հավելվածում բերված հոսթինգ ծառայություններից որևէ մեկի համար:
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Բետանեթը պարտավոր է.
3.1.1. Ծառայությունները մատուցել համաձայն սույն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող N1 Հավելվածում բերված հոսթինգ փաթեթներից մեկի պայմանների:
3.1.2. Ապահովել հոսթինգի ֆունկցիոնալությունը Պայմանագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում:
3.1.3. Տեղեկացնել Պատվիրատուին վեբ-սերվերի ծրագրային ապահովման նշանակալի փոփոխությունների մասին:
3.1.4. Երկարաձգել հոսթինգի գործողության ժամկետը Պատվիրատուի կողմից վճարման կատարումից ոչ ուշ, քան երրորդ աշխատանքային օրը:
3.2. Բետանեթն իրավունք ունի դադարեցնել հոսթինգի աշխատանքն առանց Պատվիրատուին զգուշացնելու, եթե.
3.2.1. ավարտվել է սույն Պայմանագրի գործողության ժամկետը:
3.2.2. Պատվիրատուն մասնակի կամ ամբողջովին չի կատարում սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
3.2.3. Պատվիրատուի վեբ-սերվեր չարտոնված մուտք հայտնաբերելու ժամանակ:
3.2.4. հոսթինգի ֆունկցիոնալությունը բերում է Բետանեթի ծրագրային ապահովման և/կամ հեռահաղորդակցման ենթակառուցվածքների աշխատանքների խափանման:
3.3. Հոսթինգի աշխատանքները վերսկվում են սույն Պայմանագրի 3.2.2, 3.2.3, 3.2.4 կետերում բերված խախտումների ամբողջական վերացումից հետո:
3.4. Պատվիրատուն պարտավոր է.
3.4.1. ձեռնարկել բոլոր միջոցները հոսթինգի կառավարմանը վերաբերող տվյալները երրորդ կողմին հասանելի չդառնալու համար:
3.4.2. անմիջապես տեղեկացնել Բետանեթին հոսթինգի աշխատանքներին չարտոնված միջամտության կասկածների դեպքում:
3.4.3. Տեղեկացնել Բետանեթին սեփական վավերապայմանների տվյալների փոփոխության մասին ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժ մեջ մտնելու 30-րդ (երեսուներորդ) օրը:
3.4.5. Ըստ պահանջի 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Բետանեթին ներկայացնել փաստաթղթեր (բնօրինակներ և/կամ ըստ կարգի հաստատված կրկնօրինակներ), որոնք հաստատում են պատվերի ձևակերպման ժամանակ ներկայացված Պատվիրատուի վավերապայմանները:
3.5. Պատվիրատուն իրավունք ունի.
3.5.1. Երկարաձգել սույն Պայմանագրի գործողության ժամկետը՝ համաձայն 3.2.1 կետի ոչ ուշ, քան դրա ավարտից 15-րդ (տասնհինգերորդ) աշխատանքային օրը:
3.6. Պատվիրատուն պարտավորվում է չօգտագործել վեբ-սերվերը հետևյալ անօրինական գործողությունների համար.
3.6.1. Հայաստանի Հանրապետության և միջազգային գործող օրենսդրությանը հակասող ցանկացած տեղեկատվության պահպանում և/կամ տարածում.
3.6.2. տեղեկությունների, ծրագրային ապահովման միջոցների հրապարակում և/կամ փոխանցում, որոնք պարունակում են վնասակար ծրագրեր և ունակ են խախտել համակարգիչների և/կամ համակարգչային ցանցերի աշխատանքը.
3.6.3. գովազդային բնույթի զանգվածային չարտոնված էլեկտրոնային հաղորդագրությունների տարածում (spam), բացառությամբ այն դեպքերի, երբ հաղորդագրությունների տարածումն իրականացվում է ստացող կողմի բացահայտ համաձայնությամբ.
3.6.4. հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի տարածում՝ առանց իրավատիրոջ համաձայնության.
3.6.5. համակարգի աշխատանքների խափանմանը և/կամ կրկնագործարկմանը (restart) բերող գործողությունների իրականացում, ինչպես նաև Բետանեթի ռեսուրսներին չարտոնված տիրապետման փորձ.
3.6.6. ցանցային ծառայությունների և/կամ պրոցեսների ստեղծում, որոնք կբերեն Բետանեթի սարքերի և/կամ կապուղիների ավելցուկային բեռնվածության:
3.7. Սույն Պայմանագրի 3.6 կետում բերված անօրինական գործողությունների ցանկն ամբողջական չէ, և Պատվիրատուի ցանկացած գործողություն, որն օրինականության կասկած կառաջացնի, կարող է որակվել՝ որպես անօրինական:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունների կապակցությամբ Բետանեթը կրում է նյութական պատասխանատվություն, որը ցանկացած դեպքում չի կարող գերազանցել համապատասխան ծառայության համար Պատվիրատուի կողմից վճարած գումարը:
4.2. Սույն Պայմանագրի սահմանած պարտականությունների չկատարման կամ թերի կատարման համար Պատվիրատուն կրում է պատասխանատվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
4.3. Պատվիրատուն կրում է պատասխանատվություն հոսթինգում տեղադրված տեղեկատվության համար:
4.4. Ցանկացած հետևանքի համար Պատվիրատուն կրում է պատասխանատվություն (այդ թվում՝ ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների և այլ մտավոր սեփականության իրավունքի խախտում), որոնք կարող են առաջանալ դոմեն անվան օգտագործումից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
4.5. Ցանկացած վնասի համար Պատվիրատուն կրում է պատասխանատվություն (այդ թվում՝ ուղղակի և/կամ անուղղակի), որոնք կարող են վերաբերել իրեն կամ երրորդ կողմին սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N1 հավելվածում բերված հոսթինգ ծառայություններից օգտվելու կամ դրա անհնարինության դեպքում:
4.6. Բետանեթը պատասխանատվություն չի կրում վեբ-սերվերի աշխատանքների դադարի համար, եթե դա տեղի է ունեցել երրորդ կողմի մեղքով, ինչպես նաև Բետանեթի կողմից չվերահսկվող իրադրությունների, մասնավորապես՝ Ինտերնետի հաղորդակցության ենթակառուցվածքների անկայունության պատճառով:
5. ԵՐԱՇԽԻՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
5.1. Սույնով Պատվիրատուն ընդունում է, որ Բետանեթը չի վերահսկում Ինտերնետ միջազգային համակարգչային ցանցը, այս իսկ պատճառով չի կարող տալ ոչ մի երաշխիք Ինտերնետ ցանցի որակի, հասանելիության, հուսալիության, ինչպես նաև Պատվիրատուի խնդիրների լուծմանն ուղղված հոսթինգի օգտագործման ճշգրիտ համապատասխանության համար:
5.2. Սույն Պայմանագրի պայմանների չկատարման համար Բետանեթը պատասխանատվություն չի կրում, եթե Պատվիրատուի կատարած վճարման օրվանից մինչև նախորդ պայմանագրի գործողության ժամկետին մնացել է 3 (երեք) կամ պակաս աշխատանքային օր:
6. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ: ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Ծառայությունների արժեքը սահմանվում է՝ ըստ Պատվիրատուի կողմից կատարված վճարման օրը գործող՝ Բետանեթի սահմանած գնացուցակի, որը բերված է սույն պաշտոնական կայքում:
6.2. Վճարումներն իրականացվում են Բետանեթի հաշվարկային հաշվին միջոցներ փոխանցելու, կամ www.betanet.am պաշտոնական կայքում բերված առցանց վճարման միջոցներից որևէ մեկի միջոցով:
6.3. Վճարման ամսաթիվ է համարվում Բետանեթի բանկի կամ առցանց վճարման ծառայություններից մեկի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա՝ վճարումը հաստատող ամսաթիվը:
6.4. Ծառայությունները կրում են անբաժանելի բնույթ և հաշվառվում են վճարման ամսաթվից:
6.5. Ծառայությունների մատուցման փաստը հաստատվում է կատարողական ակտով:
6.6. Հաշիվ-ապրանքագրերը ներկայացվում են առցանց եղանակով: Ցանկության դեպքում Պատվիրատուն դրանց բնօրինակները կարող է ստանալ Բետանեթի գրասենյակում:
6.7. Պայմանագրի վաղաժամ դադարեցման դեպքում Պատվիրատուի կատարած վճարումները չեն վերադարձվում, սույն Պայմանագրով Բետանեթի ստանձնած պարտավորություններն էլ համարվում են կատարված:
7. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7.1. Կողմերի միջև աշխատանքային նամակարգրությունը (տեղեկացումներ, հարցեր, խորհրդատվություն և այլն) իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով:
7.2. Կողմերի միջև պաշտոնական նամակարգրությունը (դիմումներ, առաջարկություններ, պահանջներ եւ այլն) սույն Պայմանագրի շրջանակում իրականացվում է փոստային եղանակով կամ առձեռն:
7.3. Աշխատանքային հարաբերություններում Կողմերն առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
7.4. Պատվիրատուն Բետանեթին իր պահանջները համաձայն 7.2. կետի կարող է ներկայացնել ոչ ուշ, քան սույն պայմանագրի գորոծողության ժամկետի ավարտից հինգերորդ աշխատանքային օրը:
8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
8.1. Սույն Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, եւ որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
9.1. Պայմանագրի գործողության ժամկետը որոշվում է Պատվիրատուի կողմից հոսթինգ փաթեթի ընտրության և պատվերի ձևակերպման ժամանակ:
9.2. Պայմանագրի գործողության ժամկետը համարվում է երկարացված, եթե մինչև Պայմանագրի ժամկետի լրանալը Պատվիրատուի կողմից կատարվում է հոսթինգ ծառայության արժեքի վճարում:
9.3. Պայմանագրի ժամկետի ավարտի դեպքում հոսթինգը դադարում է գործել:
9.4. Պայմանագիրը ժամկետից շուտ կարող է լուծվել Պատվիրատուի պահանջով կամ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
10.1. Բետանեթն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխություններ կատարել սույն Պայմանագրում:
10.2. Պայմանագրում և/կամ դրա հավելվածում կատարված փոփոխություններն ուժ մեջ են մտնում դրա՝ Բետանեթի www.betanet.am պաշտոնական կայքում հրապարակումից 3 (երեք) օրացուցային օր անց:
10.3. Նորմատիվային իրավական ակտերի հետ կապված՝ Պայմանագրի և/կամ դրա հավելվածի փոփոխություններն ուժի մեջ են մտնում համապատասխան նորմատիվային իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից:
10.4. Պատվիրատուն պարտավոր է ինքնուրույն հետեւել Պայմանագրում և/կամ դրա հավելվածում կատարված փոփոխություններին Բետանեթի www.betanet.am պաշտոնական կայքում: Բետանեթի ծառայություններից օգտվելու շարունակումը հանդիսանում է համաձայնություն վերը նշված փոփոխությունների հետ:
11. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11.1. Բետանեթի վավերապայմանները.
Կազմակերպության անվանումը | «Բետանեթ» ՍՊԸ |
Հասցե | ՀՀ, Լոռու մարզ, 1701 ք.Ալավերդի, Էնգելսի 4/9 |
Հեռախոս | +374 (60) 465-275 |
Էլ.փոստ | Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ |
Վեբ-կայք | https://www.betanet.am |
ՀՎՀՀ | 06609692 |
Հաշվարկային հաշիվ | 2050022361281001 |
Բանկ | Ինեկոբանկ ՓԲԸ |
11.2. Պատվիրատուն իր վավերապայմանները ներկայացնում է պատվերի ձևակերպման էջում: